Նախարար. Ամեն ինչ անելու ենք, որ գազն ավելի էժան գնենք, քան այսօր

Նախարար. Ամեն ինչ անելու ենք, որ գազն ավելի էժան գնենք, քան այսօր

PanARMENIAN.Net - Գազի գնի շուրջ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում երկրների առաջին դեմքերի մակարդակով և այս պահին դեռևս որևէ բանակցություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակն արդյոք կարո՞ղ է ազդել գազի գնի վրա:

«Գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի վերջին:

Արթուր Գրիգորյանը նշել է, որ նոյեմբերից ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի: «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք»,-ընդգծել է նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Նախարարի խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի, փոխնախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հնարավոր էժան տարբերակով իրանական գազի վաճառքի մասին հարց է բարձրացվել:

«Մեր կողմից մեր քայլն արել ենք, իրանական կողմին առաջարկել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով իրենց հետ համագործակցության մեջ ենք, քանի որ իրանական կողմից էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում: Կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշել է Արթուր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է էլեկտաէներգիայի սակագնին, նախարարն ասել է, որ թեև սակագնի վերանայման գործընթաց նախարարությունը չի իրականացնում, դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթն է, այդուհանդերձ, նախարարությունը չի կարող դրանից անմաս մնալ: Նա հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019-ի փետրվարին:

2016-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ռուսական գազը մինչև 2018 թ. Հայաստան է մատակարարվելու 150 դոլարով հազար խմ դիմաց: Նախկինում հազար խմ դիմաց Հայաստանը վճարում էր 165 դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---