Հանգիստ թողեք վարունգի ու պոմիդորի գինը

Հանգիստ թողեք վարունգի ու պոմիդորի գինը

PanARMENIAN.Net - Պատկերացրեք, որ ունեք դեռ ԽՍՀՄ-ից 0 կոպեկով ստացած բնակարան, որը մի օր որոշում եք վաճառել։ Բնականաբար՝ կփորձեք վաճառել այն հնարավորինս բարձր գնով, ու ճիշտ էլ կանեք։ Իսկ այժմ պատկերացրեք, որ ձեզ մոտ եկած գնորդը սկսի մուննաթ գալ ու պահանջել գին իջեցնել՝ պատճառաբանելով, թե դուք այդ բնակարանը Բրեժնևի ժամանակ անվճար եք ստացել, ծախս չեք արել, ուստի այդքան թանկ գնով ծախելու անհրաժեշտություն չկա։ Ամենափափուկ բառը, որը ես կասեի, կլիներ «հաջողությունը»։

Հիմա իջնենք տան մոտի շուկա ու պտտվենք բանջարեղենի շարքերով։ Լոլիկը թանկացել է։ Ինչո՞ւ։ Որովհետև թանկացել է սուպերմարկետներում։ Իսկ ի՞նչ կապ կա սուպերմարկետի ու շուկայի միջև։ Շատ անմիջական․ շուկայում կանգնողը բարեգործ չի, այլ գործարար, ինչպես և սուպերմարկետի տերը։ Ու նա երբեք չի վաճառի իր լավ լոլիկը 200 դրամով, եթե իմանա, որ իր մրցակից սուպերմարկետում նույն գնով անորակ լոլիկ է դրած, կամ որ որակյալը 300 արժե։ Եվ ուստի, ինչպես ցանկացած նորմալ գործարար, շուկայի վաճառողը՝ օգտվելով մրցակցի վիճակից, լոլիկի գինը 250 է դարձնում, որպեսզի իր մոտից գնելը շարունակի շահավետ մնալ, բայցև եկամուտն էապես աճի։ Սա նորմալ է, առողջ, տրամաբանական։

Իսկ ինչո՞ւ է լոլիկը սուպերմարկետներում կամ անորակ, կամ թանկ։ Որովհետև ԱԱԾ-ն, եթե չեք հիշում, խոշոր ցանցերում պտուղ-բանջարեղեն ու միս ծախելու ընթացքում ԱԱՀ-ից խուսափելու սխեմա է բացահայտել, ինչի պատճառով լոլիկը «Սիթիում» նույն գինն ուներ, ինչ ձեր բակի խանութում։ Այժմ սխեման չկա, ուստի կամ գինն է բարձրացել, կամ որակն ընկել։ Սա էլ է նորմա։ Այս կապը վարչապետ Փաշինյանի՝ շուկա այցից հետո, անգամ գյուղնախարարն է մատնանշում։

Թանկացումն անտրամաբանական կամ չհիմնավորված կլիներ մի իրավիճակում, երբ լոլիկ վաճառողները պայմանավորվեին, որ վաճառում են այն նույն թանկ գնով։ Անտրամաբանական կլիներ իրավիճակը, եթե մեկը սկսեր վաճառել ինքնարժեքից ցածր, սննկացներ բոլորին ու «իրենով աներ» լոլիկի շուկան։ Անտրամաբանական ու չհիմնավորված կլիներ, եթե մեկն ունենար լոլիկի մենաշնորհ ու որոշեր, որ այսօրվանից թանկ գնով է այն վաճառում, քանի որ այդպես է ուզում։ Բայց իրավիճակը, երբ կառավարության գործողությունների արդյունքում սուպերմարկետները, որոնք տնօրինում են մայրաքաղաքի մանրածախ առևտրի մոտ 60%-ը, թանկացնում են լոլիկն, իսկ ՓՄՁ-ները դրանից օգտվում են, ամենատրամաբանական, հիմնավոր, առողջ ու նորմալ երևույթներից է, որը եղել է ՀՀ տնտեսությունում անկախացումից ի վեր։

Իսկ անառողջն այն վիճակն է, երբ մենաշնորհ չկա՝ ու մարդիկ սկսում են ակնկալել, որ կառավարությունը «մի բան կանի» լոլիկի գնի հետ։ Վարչապետն էլ գնում է շուկաներ լոլիկի գնի հարցերով՝ վատ սպասումներ ձևակերպելով այդ հարցում։ Իսկույն ծագում է 2014-ին՝ դրամի անկումից հետո, խանութներով շրջող ու գներն իջեցնել հրամայող Հովիկ Աբրահամյանի ուրվականը։ Գները, ճիշտ է, նույն մակարդակի էին վերադառնում Աբրահամյանի այցերից կարճ ժամանակ հետո․ եթե կա շուկա, անգամ Աբրահամյանն էր անզոր։

Ի՞նչ անի շուկայի դեմ կառավարությունը՝ լինի այն Հովիկ Աբրահամյանի, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պահանջի լոլիկ վաճառողներից ապրանքը վաճառել 50 դրամ ավելի էժա՞ն, սուպերմակրետներից պահանջի հին գներո՞վ ծախել ապրանքը, թե կրկին թույլ տա ԱՁ-ով աշխատել ու միլիարդների հարկեր չմուծել։ Թող չանի ոչինչ ու հանգիստ թողնի լոլիկ-վարունգ վաճառողներին։ Իր գործողությունների՝ սուպերմարկետների արտոնյալ վիճակը վերացնելու արդյունքում, այդ մարդիկ հնարավորություն ստացան լոլիկից ավելի շատ փող աշխատել, ուստի, կարելի է ասել՝ նրանք հեղափոխության շահառուներն են։ Ու նրանց եկամտի աճից նեղվելու փոխարեն պետք է զբաղվել մնացածների եկամտի հարցով։

Մեմը՝ Վաձ Ղազարյանի

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---