ՏԿՏՏՆ. Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար զեղչեր կկիրառի

ՏԿՏՏՆ. Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին ՀՀ ներկրվող ցորենի համար զեղչեր կկիրառի

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը: Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին ՀՀ փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերոջն է փոխանցել հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի: «Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հարցը բարձրացվել է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստում:ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է.«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա։Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն այս հիմքով»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն, իր հերթին անդրադառնալով խնդրին, ասել է, որ Վրաստանի կառավարությունը կարգելի բեռնատարներով ցորենի տեղափոխումը, ինչը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ, բայց Երևանը ստիպված է հարգել այդ որոշումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---