Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել

Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ:

Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ավելի վաղ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

Ընթերցեք նաև. Ամուլսարի «կողմն» ու «դեմը». Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---