Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Օգոստոսի 30-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերության մասնավոր նախաձեռնությամբ գոտին ստեղծելու մասին որոշմանը:

«Այս որոշմամբ հաստատվում է այն քաղաքականությունը, որ ՀՀ տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա», - ասել է հարցով զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2043թ.-ը կներգրավվի մոտ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021թ.-ը խոսք է գնում 50 շահագործողի մասին: Ծրագրի ընթացքում զուտ միայն կազմակերպչի կողմից սկզբնական փուլում ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում է շահագործողների կողմից: Կազմակերպիչը, նախնական հաշվարկներով, մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021թ. 15 մլն և հետագա տարիներին ևս 30 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կանխատեսվում», - ասել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ այս ազատ տնտեսական գոտին հիմնական երկու տարածք է ունենալու, արտադրական հատվածը՝ Հրազդանում, գրասենյակայինը՝ Երևանում:

«Սա կլինի Հայաստանում 4-րդ ազատ տնտեսական գոտին», - ասել է Արծվիկ Մինասյանը:

«Էկոս» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվել է ազատ տնտեսական գոտու շահագործող։

Ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսվում է 1 տարվա ընթացքում:

Հայաստանում գործում է 3 ազատ տնտեսական գոտի՝ Մեղրիում գործող «Սյունիք ազատ տնտեսական գոտին» , «Ալյանսը»և «Մերիդիանը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---