Ուկրաինացի երաժշտին Հյուսիսայինից բերման են ենթարկել. Օսիպյանի, Միրզոյանի ու հանրության արձագանքը (վիդեո)

Ուկրաինացի երաժշտին Հյուսիսայինից բերման են ենթարկել. Օսիպյանի, Միրզոյանի ու հանրության արձագանքը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին Հյուսիսային պողոտայում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և փողոցային երաժիշտների միջև: Արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել Ուկրաինայի քաղաքացի Իլյա Կուլիկին:

Միջադեպը համացանցում բուռն քննարկման առիթ է դարձել, Facebook սոցիալական ցանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները փողոցային երաժիշտ Կուլիկին բռնում, այնուհետև տապալում գետնին և տանում: Ոստիկանների գործողությունները և միջադեպը օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով, ոստիկաններին այժմ բոլորն ուզում են «մեղադրել»: Օսիպյանը նշել է, որ հասկանում է քաղաքացիների մտահոգությունն այդ հարցում:

«Դժգոհությունը տեղին է»,- ասել է ոստիկանապետը:

Սակայն նա հավելել է, որ տեղի ունեցած միջադեպի ընթացքում օրենքի որևէ խախտում չի եղել:

«Երաժշտությունը շատ հաճելի է, հատկապես՝ զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց այն աղմուկ է դառնում տեղի բնակիչների համար, ովքեր այն լսում են առավոտից երեկո: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում բնակիչներից», - ասել է Օսիպյանը:

Նա նշել է, որ Հյուսիսային պողոտայում նվագող ուկրաինացի երաժիշտները եղել են ոչ սթափ վիճակում, և ոստիկաններին խնդրել են միջամտել հենց պողոտայի անցորդները:

«Երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, և միջադեպը եղել է երկուսի միջև, քաշքշել են իրար, տվել են միմյանց հայհոյանքներ և ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ անցորդներն են հենց ուղղորդել ոստիկաններին, թե՝ չե՞ք տեսնում, որ այնտեղ ոչ սթափ վիճակում քաշքշում են միմյանց: Ոստիկանները նրանց մոտ տեսել են գարեջրի տարաներ, այսինքն՝ կոպիտ խախտում կար հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման: Օրենքի սահմաններում բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ կազմվել է արձանագրություն, և ժամկետը լրանալուց հետո նրանք բաց են թողնվել, ու այս պահին էլ ազատության մեջ են», - նշել է Օսիպյանը:

Նա հավելել է, որ հրահանգել է ոստիկաններին այսուհետ մոտենալ և զգուշացնել երաժիշտներին, որ երաժշտությունը շատ բարձր չլինի, հատկապես աղմուկ չլինի 23:00-ից հետո:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00֊ն»:

Արձագանքելով միջադեպին՝ Facebook սոցիալական ցանցում «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» միջոցառում է բացվել, որի կազմակերպիչները հորդորում են բոլոր ցանկացողներին օգոստոսի 30-ին ժամը 21:00-ին գնալ Հյուսիսային պողոտա ի աջակցություն փողոցային երաժիշտների:

«Ո՞վ հավես ու ժամանակ ունի, գնում ենք խառը գործիքներով Հյուսիսայինում նվագելու ի պաշտպանություն փողոցային երաժիշտներին՝ օրենքի դեցիբելներին համապատասխան»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---