«Վեոլիա Ջուրը» չի ընդունում մեղադրանքները և վրդովված է անմեղության կանխավարկածի խախտմամբ

«Վեոլիա Ջուրը» չի ընդունում մեղադրանքները և վրդովված է անմեղության կանխավարկածի խախտմամբ

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հրապարակված մեղադրանքներին, որոնք ներկայացվել են ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն: «Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տևող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանում մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա:

Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները, ասվում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ջրի սակագնի հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---