Փաշինյան. Ադապտացման շրջանն ավարտված է՝ պետք է զբաղվել բարեփոխումներով

Փաշինյան. Ադապտացման շրջանն ավարտված է՝ պետք է զբաղվել բարեփոխումներով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարության ադապտացիոն շրջանը համարում է ավարտված, և առաջիկայում պետք է լրջորեն զբաղվել բարեփոխումների գործողություններով:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է.«Բարեփոխումների լայնածավալ գործողություններն, իրենց հերթին, տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք և ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես, ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, և հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ եթե մենք որևէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաև հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետևանքային կապերը»:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ ճանապարհին գործողությունները և բարեփոխումները առավել արդյունավետ են լինելու: «Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, և դա այդպես կոչվում է պատմականորեն: Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանությունից բխող գործողություններ անենք»,-ասել է նա:

Նա հավելել է, որ գալիք շաբաթվանից արդեն կարելի է սկսել հանրության հետ երկխոսությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որն իրականացվելու է տարբեր ծավալներով, տարբեր ֆորմատներով, իսկ խնդիրը լինելու է առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, հանրային ըմբռնում և հանրային ընկալում ձևավորելը:

«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, այդ բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, չմտածված, թելադրված: Դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, մեր առաջադրած խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ բոլորս պետք է այս առումով ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, և բոլորիս այս աշխատանքն իրականացնելիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն, և, իհարկե, հաջողություն»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի օգոստոսի 16-ի նիստում հայտարարել էր, որ կառավարությունն իր գործունեության 100 օրում լուծել է հիմնական խնդիրը՝ հետհեղափոխական շրջանում ապահովել է երկրի բնականոն զարգացումը:«Ապահովել ենք տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Մենք այժմ թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստն արագ և արդյունավետ բարեփոխումների մեկնարկն է՝ մեր տնտեսության համար նոր շունչ բացելու նպատակով», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---