Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան

Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ի առավոտից Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները:

Նրանք շարժվել են դեպի Արմավիրի մարզպետարան՝ պնդելով, որ եթե իրենց պահանջը չլսեն, ապա նորից, ինչպես նախօրեին, կփակեն Արմավիր-Երևան ավտոճանապարհը, հայտնում է Aysor.am-ը:

Մարզպետարանի մուտքի մոտ խաղողագործներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որը խաղողագործներին ներս է հրավիրել՝ մարզպետարանի շենքում հարցը գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանիհետ քննարկելու, որն առավոտից մարզ է ժամանել խաղողագործների հետ հանդիպման:

Մարզպետը նշել է, որ կիսում է խաղողագործների մտահոգությունը, բայց իրենք լծակներ չունեն՝ սեփականատերերի աշխատանքներին միջամտելու. «Անձամբ ես հանդիպում եմ նշանակել համայնքապետերի հետ և անընդհատ խնդրի մեջ ենք»:

Խաղողագործներից մեկն էլ նկատել է, որ այս տեմպերով եթե շարունակվի, իրենք կսննկանան՝ պնդելով, որ իրենք վստահ էին՝ նոր կառավարությունը այլ մոտեցում է որդեգրելու այս հարցում:«Նախկինի շահը մեկն էր՝ ինչքան հնարավոր է ժողովրդից փող պոկել ու հարստանալ: Եկավ նոր իշխանություն, մենք հավատացինք դրան, նա եկավ իշխանության մեր ձեռքերով, հավատացինք, որ այդ իշխանությունը կծառայի մեզ: Ասում են, որ իրենք «փայ» չեն մտնում, մտածեցինք, որ այս իրավիճակում իրենք ժողովրդի պաշտպանը կդառնան, բայց այսօր եկել է մի պահ, որ էս գներով հնարավոր չի ոչ մի բան անել», - ասել է խաղողագործներից մեկը:

Սեպտեմբերի 4-ին խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ պանաջելով վերանայել խաղողի մթերման գինը: Նրանք պնդում են, որ նախապես իրենց խոստացվել է խաղողի կիլոգրամի համար վճարվել 160 դրամ, մինչդեռ գործարանները պնդում են, որ 140 դրամից ավելի չեն կարող վճարել:

Նույն օրը, Երևանի կոնյակի գործարանը հայտարարություն է ատարծել՝ նշելով. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների՝ 1 կգ դիմաց 140 դրամով, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---