Եթե Ասադը քիմզենք կիրառի Իդլիբում, ԱՄՆ պատասխանը ռազմական կլինի

Եթե Ասադը քիմզենք կիրառի Իդլիբում, ԱՄՆ պատասխանը ռազմական կլինի

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակը պատասխան տարբերակներ է մշակում այն դեպքի համար, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի քիմիական զենք կիրառել Իդլիբ գավառի վրա գրոհի ժամանակ: Այդ հարցը քննարկվում է Սպիտակ տան հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՄՆ ԶՈւ շտաբերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը Նյու Դելիում:

Գեներալը նշել է, որ Ասադի քիմիական գրոհի դեպքում ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: «Բայց մենք բանակցում ենք նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ նա գիտի, թե որ փուլում են մեր պլանները, եթե քիմիական զենք կիրառվի», - ասել է Դանֆորդը, գրում է Deutsche Welle-ն:

Նա հայտարարել է, թե զարմացած չէ, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Թեհրանում կայացած գագաթնաժողովում չկարողացան պայմանավորվել Իդլիբում սիրիական զորքերի առաջիկա հարձակման միասնական գնահատականի հարցում: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, պայքարում էր ամփոփիչ հայտարարության տեքստում հրադադարի մասին դրույթ ընդգրկելու համար, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պնդում էին, որ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակվեն:

Իդլիբը վերջին գավառն է, որի զգալի մասը դեռ վերահսկում են տարբեր իսլամիստական խմբավորումներ և Սիրիայի զինյալ ընդդիմությունը: ՌԴ-ն ու Իրանը սատարում են Սիրիայի նախագահին, որը գրոհ է պատրաստում Իդլիբի ուղղությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---