«Սասնա ծռերը» վարչապետի առաջնորդությամբ պատրաստ են «ստանձնել իշխանության իրականացումը»

«Սասնա ծռերը» վարչապետի առաջնորդությամբ պատրաստ են «ստանձնել իշխանության իրականացումը»

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, նշելով, որ համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին:

«Սասնա ծռերը» պատրաստ են վարչապետի առաջնորդությամբ «ստանձնել իշխանության իրականացումը»:

Հայտարարության մեջ ասվում է, թե նախկին իշխանությունները «պատրաստվում են ռևանշի և արդեն առաջին գործողություններն են կատարում այդ ուղղությամբ»:

Նշվում է, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում, իսկ անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը։

«Սասնա ծռերը» վարչապետին հորդորում են կատարել առնվազն հետևյալ գործողությունները. «գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և կալանավորել դրա բոլոր անդամներին, հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաև օրենսդիր գործառույթ, ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը, գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին և հեղափոխության նպատակներին, ստեղծել անցումային արդարադատության ատյան, կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ»:

«Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձևով և համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը և, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը», - ասված է հայտարարության մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանն ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել «ՀՀ դեմ դավադրություններ կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»: «Այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները հայտնաբերվելու են ու ոչնչացվելու են։ Ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են։ Այս պահից հրահանգում եմ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին ու զինափափել բոլորին», - հայտարարել է նա։

Փաշինյանը, դիմելով ԱԱԾ պետ Վանեցյանին ու ոստիկանության պետ Օսիպյանին, ասել է, որ 2 ժամից սպասում է իրենց զեկույցը կատարված աշխատանքի մասին։ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մարտահրավե՞ր էիք նետում ժողովրդին, դե տեսեք մարտահրավերը», - շեշտել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---