Տոնոյան. ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է

Տոնոյան. ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում ՌԴ-ից ՀՀ սպառազինություն կմատակարարվի և նոր վարկ կվերցվի:

«Դա գործընթաց է, որն իրացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնել տեսակները: Ժամանակին դրանց վերաբերյալ տեղեկություններն առկա կլինեն», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՌԴ հետ համագործակցությունը բավականին հաջող է ձևավորվում, հայտնում է Aysor.am-ը:

Ճշտող հարցին, թե վարկի ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարն ասել է. «Խոսքը 100 միլիոնի (դոլարի) մասին է»:

Այս վարկը արդեն 3-րդը կլինի, որը Հայաստանը վերցնում է Ռուսաստանի Դաշնությունից զենք ու ռազմատեխնիկա գնելու համար:Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին:Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:Համաձայնագիրը կնքվել էր 2017-ի հոկտեմբերին:

2016-ին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի վարկ է տվել, որով զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումներ են իրականացվել՝ առաքումներն այս փաթեթվ ավարտված են: ՀՀ-ն ստացել է «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերք, «Իգլա-Ս» զենիթահրթիռային համակարգեր, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ծանր հրանետային ՏՕՍ-1Ա համակարգեր, կառավարվող 9Մ113Մ հրթիռներ «Կոնկուրս-Մ» հակատանկային համալիրների համար, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուակահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ և կապի միջոցներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---