Մարուքյանը՝ ձայնագրության հարցով քննիչ հանձնաժողովի մասին. Նախաքննության ժամանակ այն չի կարող ստեղծվել

Մարուքյանը՝ ձայնագրության հարցով քննիչ հանձնաժողովի մասին. Նախաքննության ժամանակ այն չի կարող ստեղծվել

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի դիմումով խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձանագրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքով արգելվում է քննիչ հանձնաժողով ստեղծել գործի նախաքննության ընթացքում:

Դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանին՝ Մարուքյանն ասել է՝ զարմացած է, որ այդ սահմանափակումը վրիպել է արտահերթ նիստի համար ստորագրահավաքին միացած պատգամավորների աչքից: Նա նշել է, որ կա երկու քրեական գործ՝ ապօրինաբար անձին գաղտնալսելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, և երկու գործով էլ նախաքննություն է ընթանում:

«ԱԺ-ն չի կարող ստեղծել քննիչ հանձնաժողով, բայց նիստ է գումարում», - ասել է նա:

Ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ խոսքը կոնկրետ գործի մասին չէ, այլ «ավելի ընդհանրական հարցեր քննարկելու»:

«Մենք եկել ենք եզրահանգման՝ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, թե արդյոք իր հեռախոսազանգերի գաղտնիությունը պատշաճ կերպով իրականացվում է», - ասել է Կոստանյանը:

Մարուքյանը հակադարձել է, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրելու նախագծում կոնկրետ նշվում է այն դեպքը (ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ հեռախոսազրույցի դեպքով), որի վերաբերյալ կա քրեական գործ, ինչն արգելված է օրենքով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---