«Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմը մտադիր է դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը

«Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմը մտադիր է դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը

PanARMENIAN.Net - «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությամբ զբաղվող «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրությանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի դեմ դատական հայցի ծախսերը հոգալու նպատակով հանգանակություն սկսելու համար։

«Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը հայտնի է «Խճճված զուգահեռներ» (2009), «Փասիանի որսորդը» (2013), «Կիսալուսնի ծովածոցը» (2014) ֆիլմերի արտադրությամբ:

Ըստ կինոընկերության, «արդեն երկու տարի է ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվում է «Տատիկիս վարսերը»՝ Հայաստան-Բուլղարիա-Ռուսաստան-Գերմանիա, միջազգային կինոնախագծի տապալման համակարգված ծրագիր»։

«Վարչական լծակների կիրառմամբ, հիշյալ կառույցները ոչ մի բանի առաջ կանգ չեն առել․ խախտվել են պայմանագրային պարտավորությունները, կասեցվել է արտադրության ընթացքը, սառեցվել են արտասահմանյան ներդրումները, ֆիլմի արտադրությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս։ Մեր կինոընկերությունը կանգնել է սեփական հայրենիքում ֆիլմի արտադրությունը շարունակելու անհնարինության խնդրի առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունը նշում է, որ այլ բան չի մնում, քան դիմել ՀՀ արդարադատությանը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և ֆիլմին հասցված վնասը վերականգնելու համար։ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրության օգնությանը դատական հայցի ծախսերը ծածկելու հարցում։

«Վստահ եղեք, Հայաստանում կամ Եվրոպական դատարանում, միևնույն է, մենք հասնելու ենք արդարության... Ջանք չենք խնայելու դատավարության ընթացքը լուսաբանելու և հաշվետու լինելու հարցում։ Հանրությունը պարբերաբար կտեղեկանա ֆիլմին աջակցություն ցուցաբերած մարդկանց և գումարի չափի մասին։ Աջակցողների անունները, անկախ գումարի չափից, կհիշատակվեն «Տատիկիս վարսերը» ֆիլմի տիտրերում՝ որպես մեր շնորհակալության և ձեր աջակցության հավաստիացում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմի անդամներ Հովհաննես Գալստյանը, Լաուրա Քլևերը՝ Գերմանիա, Վասիլի Շարկևիչը՝ Բուլղարիա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---