Վճռաբեկ դատարանի տնօրենը բացառել է, որ դատավորը Քոչարյանի մասով հրահանգի է սպասել

Վճռաբեկ դատարանի   տնօրենը  բացառել է, որ  դատավորը   Քոչարյանի մասով հրահանգի է սպասել

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանը, մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, բացառել է, որ դատավորը կարող էր հրահանգի սպասել դատական ակտ կայացնելիս, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Չեմ կարող ընդունել և չեմ կարող համոզված լինել, որ դատավորը (Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյան-խմբ.) զանգել է որևէ այլ ատյանի ներկայացուցչի կամ ուղղակի ներկայացուցչի, որպեսզի ճշտի, թե ինչ լուծում պետք է տա: Անկեղծ լինեմ՝ ես դա բացառում եմ: Որևէ դեպքում, որևէ կերպ, որևէ ատյան չի կարող միջամտել արդարադատական գործունեությանը՝ և՛ նախկինում, և՛ հիմա», - ասել է նա:

Ավելի վաղ, համացանցում տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը, որտեղ Վանեցյանն ասում էր, որ իրեն է զանգել դատավորը:

«Դե մի քիչ վախեցած է, ասացի՝ մի հատ նայի ամբողջ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ է անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք է կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասաց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ: Ասացի՝ նայիր հիմքերը, բայց կալանքը ուզես-չուզես պետք է տաս», - մասնավորապես ասել էր նա հեռախոսազրույցում:

Վաչե Մարգարյանը, սակյան հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ, որտեղ նշել է, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան երբեք չի զանգահարել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---