Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են. Իդլիբում ապառազմականացված գոտի կստեղծվի

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են. Իդլիբում ապառազմականացված գոտի կստեղծվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծել կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության շփման գծում: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Բուֆերային գոտին, որը կգործի հոկտեմբերի 15-ից, պարեկելու են թուրքական ստորաբաժանումներն ու ՌԴ ռազմական ոստիկանությունը: Մինչև հոկտեմբերի 10-ն այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր ծանր զինատեսակներն ու գրոհայինները, այդ թվում «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները, գրում է Deutsche Welle-ն:

«Սիրիայի ընդդիմության ջոկատները կմնան Իդլիբի իրենց դիրքերում: Թուրքիան կհասնի նրան, որ ընդդիմությունը չգործի այն շրջաններում, որտեղ ծայրահեղական խմբեր կան»,-հավաստիացրել է Էրդողանը:

Ըստ նրա, պայմանավորվածությունների արդյունքում հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով բանակցությունների արդյունքները, հայտնել է լրագրողներին, որ Իդլիբում ռազմական գործողություն չի իրականացվելու:

Էրդողան-Պուտին հանդիպման ավարտին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել ապառազմականացված գոտում կայունացման մասին: Առաջիկա ժամերին այն համաձայնեցվելու է Սիրիայի կառավարության հետ:

Ավելի վաղ Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ էր ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին:

Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում:

Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---