FAST-ն ու ՊՆ-ն մտադիր են ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծել

FAST-ն ու ՊՆ-ն մտադիր են ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝FAST-ն ու ՊՆ-ն մտադիր են կրթական ծրագրերի միջոցով ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծել: Այդ մասին ասվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել FAST գլխավոր գրասենյակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը:

«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը», - իր հերթին նշել է Արմեն Օրուջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology-FAST) կոչված է դառնա Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական Ճեղքման հիմքը: Հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին: Հիմնադիրն է հայտնի ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---