Վարչապետ. Իրավիճակն առաջնագծում վերահսկելի լարված է, պատրաստ ենք պատերազմի (վիդեո)

Վարչապետ. Իրավիճակն առաջնագծում վերահսկելի լարված է, պատրաստ ենք պատերազմի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով այցից մի շարք մանրամասներ, հայտարարել է, որ չնայած ընդհանուր առմամբ իրավիճակն առաջնագծում լարված է, սակայն վերահսկելի է:

«ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Մենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ ներկայացուցիչների հետ քննարկեցինք ԼՂ խնդրի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք պատրաստ ենք խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ ենք նաև պատերազմի», - ասել է վաչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե հայկական կողմը պատերազմ է ցանկանում:

«Արցախի նախագահը ևս ասաց, որ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Բայց նաև պետք է ասել, որ մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Մեր այս վստահությունը հիմված է մեր զինված ուժերի ու ժողովրդի վստահության վրա», - նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ, Արցախում վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:

Հայկական երկու հանրապետության ղեկավարին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:

Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---