Քաղաքապետի թեկնածուները կբանավիճեն. Բոլորը՝ բացի Զոհրաբյանից և Գասպարյանից

Քաղաքապետի թեկնածուները կբանավիճեն. Բոլորը՝ բացի Զոհրաբյանից և Գասպարյանից

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերությունը «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագրին մասնակցելու նպատակով հրավիրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 12քաղաքական ուժի ցուցակները գլխավորող բոլոր թեկնածուներին, որոնցից համաձայնվել են մասնակցել 10-ը, հայտնում է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

Մասնակիցներն են՝ Արտակ Ավետյանը (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյանը (ՀՅԴ), Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինք), Անահիտ Թարխանյանը («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյանը («Հայք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Իմ քայլը» դաշինք), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյանը («Երևանցիներ» դաշինք):

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը չի կարողանա մասնակցել դեբատներին «անձնական հարգելի պատճառով»: Հեռուստաընկերությունը չի նշում, թե ինչու բանավեճին մասնակցելու համաձայնություն հայտնած ուժերի մեջ չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և դրա ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի անունը:

Թողարկումը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին:

Ավելի վաղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Հայկ Մարությանին, մեղադրել էր նրան վարչապետի անվան տակ թաքնվելու մեջ ու հրավիրել բանավեճի՝ «առանց Նիկոլի»: Նա հայտարարել էր նաև, որ պատրաստ է միմիայն Մարությանի հետ բանավեճի, այլ ֆորմատ չի դիտարկում։ Հայկ Մարությանն, իր հերթին, հայտարարել էր, որ պատրաստ է միայն բոլոր թեկնածուների հետ բանավեճի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---