ՔԿ. Քննչական գործողությունը ԶԼՄ-ին «լռեցնելու» փորձ դիտարկելն իրականության հետ որևէ աղերս չունի

ՔԿ. Քննչական գործողությունը ԶԼՄ-ին «լռեցնելու» փորձ դիտարկելն  իրականության հետ  որևէ աղերս չունի

PanARMENIAN.Net - Yerevan Today խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության ապահովմանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցի՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում «առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ»։

Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության, Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:

«Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբանը: Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։ Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։

«Կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը Youtube ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, իսկ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է Yerevan Today տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։

Ավելի վաղ, կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---