Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:

1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարևոր որոշում և հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը»:

Նշվում է, որ այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի և արժանապատվության պաշտպանության:

«Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած և դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների և հաջողությունների համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, և մաղթում Ձեզ և Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանից անկախություն են հռչակել 2008-ի օգոստոսին` Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված հակամարտությունից հետո: Ռուսաստանը ճանաչել է հանրապետությունների ինքնիշխանությունը 2008-ի օգոստոսի 26-ին: Մոսկվայում բազմիցս են նշել, որ այդ որոշումը լիովին արտացոլում է ընթացիկ իրողություններն ու վերանայման ենթակա չէ: Ռուսաստանից բացի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ ևս 3 երկիր` Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Վերոնշյալ հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ ունեն նաև ԼՂՀ, ինչպես նաև Մերձդնեստրի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---