ԱԺ պատգամավորն առաջարկում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը

ԱԺ պատգամավորն առաջարկում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն առաջարկում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Այդ նպատակով նա Ազգային ժողով կներկայացնի օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության եմ դնելու ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին » և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը»,-ասվում է գրառման մեջ:

Նախագծերով նախատեսվում է.

1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի անվտանգությունը:

2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները վերջին շրջանում իրականացրել են տարաբնույթ բողոքի ակցիաներ:

Հուլիսի 6-ին նախաձեռնության անդամները գրավել էին Դիվանատունը և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը հրաժարական չի ներկայացրել։«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։ «Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», - ասել էր եպիսկոպոսը։

Հուլիսի 14-ին կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցրել կաթողիկոսի հասցեին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---