Դիտորդներն ընտրողներին ուղղորդելու դեպքեր են գրանցել Շենգավիթում և Աջափնյակում

Դիտորդներն ընտրողներին ուղղորդելու դեպքեր են գրանցել Շենգավիթում և Աջափնյակում

PanARMENIAN.Net - «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդները Շենգավիթում և Աջափնյակում ընտրողներին ուղղորդելու դեպքեր են գրանցել, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Դիտորդը ժամը 09:48-ին հայտնել է, որ ժամը 08:00-ին 8/39 Շենգավիթ տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) 6/8 Աջափնյակ տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել արդյո՞ք ամեն ինչ կարգին է թե՝ ոչ և ապա հեռացել է տեղամասից:

Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---