Ոստիկանությունը 10 ահազանգ է ստացել

Ոստիկանությունը 10 ահազանգ է ստացել

PanARMENIAN.Net - Ժամը 11-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին է հայտնել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։

Նա նշել է, որ ահազանգերով կատարվում են ստուգումներ, առայժմ որևէ քրեական գործ չի հարուցվել, հայտնում է Panorama.am-ը։

«Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ»,- հայտնել է նա,

Անդրադառնալով մինչև քվեարկության օրը ստացված դիմումներին, Հակոբյանը փոխանցել է, որ ստացվել է 93 տեղեկություն իրավախախտումների վերաբերյալ։ Հիմնական մասը՝ 21-ը, վերաբերել է ընտրակաշառքի հնարավոր դեպքերին։ Տեղեկությունների մի մասը՝ 23-ը, չի հիմնավորվել, մյուս մասը ստուգման փուլում է։

Հարուցվել է 3 քրեկան գործ։

Երևանի ավագանու նախորդ ընտրություններում քվեարկության օրը՝ 2017-ի մայիսի 14-ին, նույն ժամանակահատվածում ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 7 ահազանգ էր ստացել:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---