Փաշինյանը՝ ՄԱԿ-ում. Լինելով նախկին քաղբանտարկյալ՝ մտովի վերապրում էի Մանդելայի ուղին

Փաշինյանը՝ ՄԱԿ-ում. Լինելով նախկին քաղբանտարկյալ՝ մտովի վերապրում էի Մանդելայի ուղին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը ներկա է եղել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, որին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ իրհամար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը:

«Ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները», - իր ելույթում մասնավորապես ասել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ գալիս է մի տարածաշրջանից, որտեղ, «արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը»:

«Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը», -ասել է վարչապետը:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, որտեղ հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---