Ռոուհանին՝ Փաշինյանին. ՀՀ-ի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակ կա

Ռոուհանին՝ Փաշինյանին. ՀՀ-ի և Իրանի  միջև  վստահության բարձր մակարդակ կա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ. քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական գործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոուհանին նշել է, որ երկու երկրի միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոուհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոուհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոուհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, հանդիպել տեղի հայ համայնքին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել գլխավոր անսամբլեայի 73-րդ նստաշրջանին, ելույթ ունեցել այստեղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---