«Ռոստելեկոմի» աջակցությամբ «Կասկադ» պուրակի պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել

«Ռոստելեկոմի» աջակցությամբ «Կասկադ» պուրակի պատմությանը նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։ Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։

«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,-նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.. Ա.Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմի» ներդրումն ապահովել է նախագծի ցուցադրության իրականացումը։

«Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։

«Ռոստելեկոմը» կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։

Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---