Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր տալու «լոբբիստը» Ֆարմանյանն էր

Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր տալու «լոբբիստը» Ֆարմանյանն էր

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։ Այդ մասին գրել էր «Հրապարակ» թերթը, ավելի ուշ այդ լուրը հաստատվեց:

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը թերթին ասել է, որ Հենրիխի անձնագիրը մոտ 2 ամիս առաջ են չեղյալ համարել։ Նա ասել է նաև, որ ֆուտբոլիստն այդ դիվանագիտական անձնագրով կարողանում էր պարզեցնել վիզայի հետ կապված գործընթացները։

Լուրը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ 254 անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից, սակայն խուսափեց անուններ նշելուց:

Հարցին է անդրադարձել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ շատ հիասթափված է այն տեղեկությունից, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից, քանի որ ժամանակին նրան դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը» ինքն է եղել:

«Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց այդ երկրների վիզա ստանար (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

Իմ պատկերացմամբ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ու շատ ավելի դրականորեն ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու ինձ նման պաշտոնյաներ միասին վերցրած»,-ասվում է Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---