ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրողը ձերբակալվել է

ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրողը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի քրգործի շրջանակում ձերբակալվել է Գրիգոր Գրիգորյանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն:

Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գրիգորյանը նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը:

Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գրիգորյանը բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդի՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:

Բացի այդ, Գրիգորյանը չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---