ԵԱՀԿ ՄԽ. Համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից

ԵԱՀԿ ՄԽ. Համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտինը և Էնդրյու Շոֆերը հայտարարությամբ են հանդես եկել սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո, հայտնում է Panorama.am-ը ԵԱՀԿ կայքի վրա հղումով:

Համանախագահների հետ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի և ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:

Նախարարները շարունակել են բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը և պարզաբանումներ ստացել վերջին շրջանում հնչած անհանգստացնող հայտարարությունների ու միջադեպերի առնչությամբ։

Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող ու անհարկի զոհերի կապակցությամբ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել բորբոքող հռետորաբանությունից։

ԱԳ նախարարները հաստատել են բանակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերի և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկման կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:

Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների մասին։

Նյու Յորքում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններում խոսք չկա, և խոսքը միայն հայտնի շրջանների՝ Բաքվի վերահկողության տակ անցնելու մասին: Սրան հակառակ, նախկինում իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, պնդել էր, որ բանակցությունների սեղանին դրված է եղել նաև ԼՂ կարգավիճակի հարցը:

Նախկինում ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ թվում՝ ԱՄՆ համանախագահներ, հայտարարել են, որ բանակցությունները գնում են թե՛ նախկին ԼՂԻՄ դուրս շրջանների (բացառությամբ Լաչինի միջանցքը) Բաքվի վերահսկողության տակ անցնելու, թե՛ հանրաքվեի ու մինչև հանրաքվեն միջանկյալ կարգավիճակ ունենալու մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---