Մեքենաները տեխզննող ընկերությունը 33 մլն դրամով փոխհատուցել է պետության վնասը

Մեքենաները տեխզննող  ընկերությունը 33 մլն դրամով փոխհատուցել է պետության   վնասը

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունը, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 33 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։ Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» ՍՊ ընկերությունում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտարիատի հաշվեհամարին փոխանցել է 33 մլն դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10 մլն դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22 մլն դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40 մլն դրամ գումար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---