Բյուջե 2019․ Մեքենաների և գործուղումների ծախսերը կնվազեն, պաշտոնյաների թիվը՝ ոչ

Բյուջե 2019․ Մեքենաների  և գործուղումների ծախսերը կնվազեն, պաշտոնյաների թիվը՝ ոչ

PanARMENIAN.Net - 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պահպանման ծախսերը կնվազեն մոտ 2%-ով` 2018-ի 95.5 մլրդ դրամից գալիք տարվա համար հասնելով 93.7 մլրդ դրամի:

Նախագծով նախատեսվում է կրճատել ծառայողական մեքենաների թիվը 68-ով` 902-ից հասնելով 834-ի։ Կրճատվելու են նաև մեքենաների պահպանման ծախսերը` 1.113 մլրդ դրամից 964.2 մլն դրամ։

Կառավարությունը 8%-ով կրճատում է նաև ներկայացուցչական ծախսերը՝ 815 մլն դրամից 668 մլն դրամի դրանք հասցնելով։ Ավելի քան 14%-ով կրճատվելու են արտասահմանյան գործուղումների ծախսերը` 2018-ին հատկացված 1.8 մլրդ դրամի դիմաց 2019-ին դրանք կհասնեն մոտ 1.5 մլրդ դրամի։

Հատկանշական է, որ չնայած կառավարությունը բազմիցս հայտարարել է պետապարատի օպտիմալացման անհրաժեշտության մասին, սակայն 2019-ի բյուջեով օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների աշխատողների ընդհանուր թիվը չի նվազի։ 2019-ին կփակվի միջազգային ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը, ինչի հետևանքով կկրճատվի 31 հաստիք: Կկրճատվի նաև քաղծառայության խորհուրդը (-77 հաստիք), 20-25-հոգանոց կտճատումներ են լինելու նախագահի, վարչապետի աշխատակազմերում ու ֆիննախում, 54 հոգով կնվազի քաղշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմը, փոխարենը՝ 55 հոգի կներգրավվի ստեղծվելիք Անտառային կոմիտեում, ևս 130-ը՝ պետական վերահսկողական ծառայությունում։ Այս ու այլ ավելի փոքր փոփոխությունների արդյունքում պետական իշխանության մարմիններում (չհաշված ՏԻՄ-երը) աշխատողների թիվը 17,644-ից կավելանա մինչև 17,665-ի։

Գալիք տարվա բյուջեով ավելի քան 46%-ով կրճատվել են նաև պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին հատկացվող գումարները` 2018-ի 3.5 մլրդ դրամից 2019-ին համար հասնելով 1.9 մլրդ դրամի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---