Սպիվակովն ու Բրեգվաձեն՝ Ազնավուրի մասին. Միշտ իրեն հայ է զգացել

Սպիվակովն ու Բրեգվաձեն՝ Ազնավուրի մասին. Միշտ իրեն հայ է զգացել

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և Վրաստանի ու ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Նանի Բրեգվաձեն ցավակցություն են հայտնել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ըստ Սպիվակովի, Ազնավուրը երբեք չէր մոռանում իր հայկական ծագումը: «Ես հիշում եմ մի համերգ, որին ինձ հրավիրել էր Ֆրանսիայի այն ժամանակվա առաջին տիկին Շիրակը, և Շառլն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ: Ես տեսա, թե ինչպես է նրան ողջունում դահլիճը, ինչպես են սիրում նրան ֆրանսիացիները: Բայց չի կարելի չնշել, որ նա միշտ իրեն հայ է զգացել առաջին հերթին»,-ասել է Սպիվակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մաեստրոն հիշեցրել է, որ Ազնավուրի պատմական հայրենիքի ճակատագիրն արտացոլվել է նաև նրա ստեղծագորոծությունների մեջ: Օրինակ, նշել է նա, Ազնավուրը երգ է գրել 1988-ի երկրաշարժի մասին և միջոցների հանգանակություն կազմակերպել:

«Մեզանից մի մարդ է հեռացել, որի մասին կարելի է ասել Բրոդսկու խոսքերով՝ ժամանակը, բախվելով հիշողության հետ, իմանում է, որ անզոր է»,-ասել է Սպիվակովը:

Բրեգվաձեն նշել է, որ հպարտանում է Ազնավուրի հետ իր ծանոթությամբ: Երգչուհին ափսոսանք է հայտնել,որ երբ Ազնավուրը Վրաստան էր այցելել, նա հնարավորություն չի ունեցել նրա հետ հանդիպելու, քանի որ արտերկրում էր: «Շառլ Ազնավուրը եզակի երգիչ էր և զարմանալի մարդ»,-ասել է նա:

«Ազնավուրը մեծ տառերով իր անունը գրեց համաշխարհային մշակույթի պատմության մեջ, նրան սիրել են և կսիրեն հարյուր միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում»,-կարծում է երգչուհին:

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---