Հայաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է որպես ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Ներկայացնելով Ամերիկայի հրեական կոմիտեն, դեսպան Ռոզենբլատը նշել է, որ այն հրեական համայնքի առանցքային կազմակերպություններից մեկն է, եւ առավելագույնս ներգրավված է միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա նաեւ ասել է, որ 1990-ական թվականներից սկսած իրենք բավականին քաջածանոթ են հարավկովկասյան տարածաշրջանին եւ ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում վերջին անգամ եղել են 1999թվականին: Ամերիկայի հրեական կոմիտեի հետաքրքրությունը Հայաստանի եւ Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ Փիթեր Ռոզենբլատը պայմանավորել է Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ սերտ կապերով:



Զրուցակիցները հիմնականում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները եւ սահմանի բացման խնդիրը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բնականոն հարաբերություններ կառուցել հարեւան երկրների հետ եւ պաշտոնական Երեւանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու օգտին:



Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Իսրայել փոխհարաբերությունների վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---