Արմեն Սարգսյանը՝ Նյու Յորքում. Հայաստանը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը

Արմեն Սարգսյանը՝ Նյու Յորքում. Հայաստանը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը: Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Արմեն Սարգսյանին:

Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արևելք-Արևմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին և այլք:

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ ՀՀ նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարևոր է, իսկ Արևելք-Արեըմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թանքներից (think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաև այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Եթե 20-րդ դարը բնական պաշարների և, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու: 21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն բան արվելու է և ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու:

Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին»: Ազատությունն ու ապրելու իրավունքը ոչ միայն բացարձակ ու անսակարկելի արժեքներ են, այլև հենց այն հատման կետերը, որոնք պետք է միավորեն բոլորի շահերը:

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան...ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը»:

Արևելքի և Արևմուտքի միջև Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---