ՀԾԿՀ. Գազի և էլէներգիայի սակագների նվազման մասին լուրերն ապատեղեկատվություն են

ՀԾԿՀ. Գազի և էլէներգիայի սակագների նվազման մասին լուրերն ապատեղեկատվություն են

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն է տարածել, ըստ որի բնական գազի և էլէներգիայի սակագների նվազման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Մասնավորապես նշվում է, որ սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները որևէ հիմք չունեն և բացահայտ ապատեղեկատվություն են, ինչպես նաև հանրությանը մոլորեցնելու համար են։

«Մասնավորապես. նշվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից անարդյունավետ ներդրումներ, ծախսեր իրականացնելու, խաղատուն, հանգստյան տուն կառուցելու և դրանք բնական գազի սակագներում ներառելու մասին: Իրականում՝ ինչպես ներդրումային, այնպես էլ շահագործման և պահպանման ծախսերը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մանրամասն ուսումնասիրվում և վերլուծվում են, ինչի արդյունքում, համաձայն գործող մեթոդիկաների, սակագներում ներառվում են միայն ընկերության լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը։ Նշված ամբողջ գործընթացը, մինչև սակագների սահմանումը, անցնում է բաց և թափանցիկ ընթացակարգով և ներկայացվում է հանրության քննարկմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ էլեկտրական էներգիայի սակագները 10 դրամ/կՎտժ-ով իջեցնելու մասին հայտարարությունը նույնպես անհիմն է, քանի որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագներում ներառվում են միայն լիցենզավորված գործունեությանն առնչվող և հիմնավորված ծախսերը՝ վերը նշված սկզբունքներին և մեթոդիկաներին համաձայն:

«Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ էլեկտրական էներգիայի սահմանված սակագները և դրանց հաշվարկման մեթոդիկաները, դեռ 2016-ին, անցել են միջազգային աուդիտ, համաշխարհային վարկանիշային ցուցակի լավագույն քառյակում տեղ զբաղեցրած, «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհդատվական ընկերության կողմից: «Դելոյթ ընդ Տուշ»-ը եզրակացրել է, որ սակագների գործող մեթոդիկաները համապատասխանում են միջազգային լավագույն չափորոշիչներին, և սահմանաված սակագները ճիշտ են հաշվարկված:

Ուստի, բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է նախ խնդիրը խորությամբ ուսումնասիրել և ծագած հարցերը քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, ինչի արդյունքում հայտարարություններ անողները չեն ձևավորի սխալ հանրային կարծիք ու զերծ կմնաին հիմնազուրկ եզրահանգումներից», - ասված է ՀԾԿՀ տարածած հաղորդագրությունում։

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը հոկտեմբերի 4-ին կասուլիսում հայտարարել էր, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով, իսկ գազի սակագինը՝ առնվազն 10 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---