Մասիսում բուսական յուղերի գործարան կկառուցվի

Մասիսում  բուսական յուղերի գործարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Մասիս քաղաքում բուսական յուղերի գործարան կկառուցվի: Նոր արտադրությունը հիմնադրվում է Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով: Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվում է 500 000 դոլար, հայտնում է «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմը:

Գործարանը կզբաղեցնի մոտ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ավելի քան 40 նոր աշխատատեղ կստեղծվի, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։

«Գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Վերջին տարիներին միջազգային շուկայում բուսական յուղերի սպառման աճի կայուն միտումներ են արձանագրվել։ Հաշվի առնելով պահանջարկը, հայկական այդ արտադրանքի թիրախային շուկաներ կլինեն ԵՏՄ, Մերձավոր Արեւելքի, ԵՄ որոշ երկրներ, Կանադան և այլն»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Ներդրումային ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հիմնել մեքենասարքավորումների գործարան, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի և այլ արտադրություններում կիրառման համար։

«Նպատակ ունեմ, որ թոռնիկներս Հայաստան տեղափոխվեն ապրելու։ Երբ գործ սկսեմ, տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- նշել է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։

Բիզնես Արմենիան աջակցել է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությանը գրանցման, հողի, հումքի ձեռքբերման, բիզնես պլանի մշակման, պետական աջակցությունից օգտվելու և այլ հարցերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---