ՌԴ ՔԿ-ն կստուգի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

ՌԴ ՔԿ-ն կստուգի Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Մորդովիայի գաղութում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

Հայրապետյանը դատապարտվել էր 4-ամյա ազատազրկման խարդախության հոդվածով:

2017-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած ոմն ծանոթներ՝ 2 անհայտ տղամարդ, նրան դեղերով ծանրոց են փոխանցել: Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Բժիշկները մահ են գրանցել սրտի անբավարարությունից: Հայրապետյանի հարազատներին չի գոհացրել ախտորոշումը:

«Մահվան նախորդ օրը Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է ՀԱԵ ԼՂՀ թեմը, ասելով, որ իրեն թունավորել են»,-պատմել է Ներսիսյանը:

Ըստ փաստաբանի, Հայրապետյանն ասում էր, որ երկար չի ապրի և խնդրել էր չհուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության: Փաստաբանը, վերլուծելով գործարարի հարաբերություններն իր մերձավորների հետ, ենթադրել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել Հայրապետյանի մահվան մեջ: «Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 մլն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնն ազատվեր բանտից, ապա ընտանիքում տարաձայնությունների պատճառով կարող էր տնեցիներից ոմանց զրկել ժառանգության իրավունքից, ինչը նրանց համար բացարձակապես ընդունելի չէր»:

Նա դիմել է դատախազություն, շարադրելով այդ հանգամանքները, և վերահսկիչ գերատեսչությունում չեղարկել են ՌԴ ՔԿ Մորդովիայի վարչության որոշումը Հայրապետյանի մահվան հետ կապված քրգործ չհարուցելու մասին: Քննիչները լրացուցիչ կստուգեն գործարարի մահվան հանգամանքները:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ:

Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---