Նիկոլա Ազնավուրը հույս ունի հաստատվել Հայաստանում՝ հոր ծրագրերին նվիրվելու համար

Նիկոլա Ազնավուրը հույս ունի հաստատվել Հայաստանում՝ հոր ծրագրերին նվիրվելու համար

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, Նիկոլա Ազնավուրը հույս ունի հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրը նախաձեռնել էր Հայաստանում։ Այդ մասին նա հայտնել է Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։

«Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով»,-ասել է նա։

Հոկտեմբերի 11-ին Նիկոլա Ազնավուրը Երևանում հանրությանը կներկայացնի «Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը:

Նա պատմել է, որ ծրագրի գաղափարը ծնվել է հոր մոտ տարիներ առաջ և այն ձևավորել են միասին: «Նրա ցանկությունն էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: «Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր« կենտրոնի միջոցով»,-ասել է Նիկոլա Ազնավուրը:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի Շառլ Ազնավուրի արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի նրա ձայնը, որը կուղեկցի այցելուներին Ազնավուրի կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչև նրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մասնավորապես կենտրոնում կառաջարկվի ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված Ազնավուրի ստեղծագործությունների տեքստերի վրա:

Խոսելով Փարիզի Հաշմանդամների պալատում Շառլ Ազնավուրին համազգային հարգանքի տուրք մատուցելու մասին՝ նրա որդին ասել է. «Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիության և կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար»։

Նիկոլան ասել է նաև, որ Շառլ Ազնավուրը գերմարդ էր։ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ և իրար հետևից անցկացնել հարցազրույցներ։ Մինչև բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու»,-ասել է Նիկոլա Ազնավուրը։

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---