Փաշինյանը՝ Ալիանս ֆրանսեզի լավագույն ուսանող

Փաշինյանը՝ Ալիանս ֆրանսեզի լավագույն ուսանող

PanARMENIAN.Net - Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին է արժանացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին է հանձնել Հայաստանում Ալիանս ֆրանսեզի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր են գնահատել հայկական Ալիանս ֆրանսեզի գործունեությունը՝ ՀՀ-ում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել Ալիանս ֆրանսեզի 2018-ի լավագույն աշակերտներին:

«Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---