Մակրոն. Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում

Մակրոն. Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում

PanARMENIAN.Net - Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում: Այդ մասին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նախ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, ապա շնորհավորելով՝ «գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել Երևանում, մոլորակի մասշտաբներով մի ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Այսօր բոլորս պատկանելով նույն ընտանիքին չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև չեն հավատում Աստծուն: Մենք ապրում ենք նաև շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մեր պատմությունները նույն աղբյուրներից չեն բխում, մեր միջև եղել են նաև շատ վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքն, այսքան տարօրինակ, միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն պատկանում է բոլորինն: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը՝ Սենգորի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Շառլ Ազնավուրի, Մոդիանոյի: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված տեսլականով: Մեր տեսլականն ամեն օր վերաիմաստավորվում և թարմացվում է: Բոլոր հույսերը, եղբայրության ցանկությունները, խաղաղությունն, արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը», - ասել է Մակրոնը:

Ընդգծելով, որ այսօր տեսանելի են աշխարհով մեկ տեղի ունեցող հսկայական փոփոխություններ՝ Մակրոնը միևնույն ժամանակ ասել է, որ՝ աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզով։ «Այն կանոնները, որոնց շուրջ մենք կարողացել ենք համախմվել վերջին տասնամյակներին այլևս չեն գործում: Մարդու արժանապատվությամբ, կին-տղամարդ իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ», - ասել է Մակրոնը:

Ըստ Մակրոնի, Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափություն, չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր:

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---