Միլսը՝ ԼՂ խնդրի մասին. «Գրավյալ որոշ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքներից է»

Միլսը՝  ԼՂ խնդրի մասին.  «Գրավյալ որոշ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքներից է»

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ», հայտնում է EVN Report-ը:

Նա ասել է, որ Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա և պարզեցի, որ հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին», - ասել է Միլսը:

Նա նշել է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմն ավելի է սրել հայերի այս մոտեցումը:

«Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- եզրափակել է դեսպանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում էր, Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններում խոսք չկա, և խոսքը միայն հայտնի շրջանների՝ Բաքվի վերահկողության տակ անցնելու մասին: Սրան հակառակ, նախկինում իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, պնդել էր, որ բանակցությունների սեղանին դրված է եղել նաև ԼՂ կարգավիճակի հարցը:

Նախկինում ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ թվում՝ ԱՄՆ համանախագահներ, հայտարարել են, որ բանակցությունները գնում են թե՛ նախկին ԼՂԻՄ դուրս շրջանների (բացառությամբ Լաչինի միջանցքը) Բաքվի վերահսկողության տակ անցնելու, թե՛ հանրաքվեի ու մինչև հանրաքվեն միջանկյալ կարգավիճակ ունենալու մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---