Փաշինյան. Հայկական գինին ու կոնյակը տպավորել են ՖՄԿ գագաթնաժողովի հյուրերին

Փաշինյան. Հայկական գինին ու կոնյակը տպավորել են ՖՄԿ գագաթնաժողովի հյուրերին

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Հայաստան այցելած հյուրերին առանձնապես տպավորել են հայկական գինին ու կոնյակը: Այդ մասին գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա ինձ համար շատ կարևոր ու լավ նորություն էր, քանի որ ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ։ Մասնավորապես, ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվելու հայկական գինու ու կոնյակի՝ իրենց բառապաշարով «բրենդիի» որակի կապակցությամբ, և ոչ միայն նրանք։ Ընդհանուր առմամբ, մեր գինիներն ու կոնյակները շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու ու կոնյակի արտադրության միջազգային որոշակի ստանդարտի», - նշել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ պետք է քաջալերել տեղական արտադրողներին, կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին, որպեսզի նոր շուկաներ ձեռք բերի։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշել է, որ նոր շուկաներ մուտք գործելու համար առավել մեծ խոչընդոտը արտադրանքի ծավալներն են, ուստի ներդրումային ծրագրերով պետք է աջակցեն կոնյակագործներին և գինեգործներին։

Նա նաև անդրադարձել է խաղողի ծավալներին՝ նշելով, որ այստեղ ևս կարող են խնդիրներ առաջանալ, դրա համար գյուղատնտեսության նախարարությունը պետք է ինտենսիվ աշխատի, որպեսզի Հայաստանում խաղողի այգիների ծավալներն ավելանան, որակյալ խաղող արտադրվի։

«Ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանակարային ճյուղ է, կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ պրոբլեմներ ու այդ պրոբլեմները, այսպես ասած, ոչ իրական արտադրանքի սպառումն է ու տարածումը՝ հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակ անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական չեն։ Այստեղ էլ պետք է շատ լուրջ վերահսկողություն իրականացնենք մթերման ծավալների առումով, որպեսզի այնպես չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---