Աջ ղեկով մեքենաներ ներկրողները բողոքի ցույց են անում Բագրատաշենում

Աջ ղեկով մեքենաներ ներկրողները բողոքի ցույց են անում Բագրատաշենում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ են կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան։

Դեռ 2018-ի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հետագայում օրենքն ընդունելուց հետո Ազգային ժողովի կողմից ոչ մի տեղ չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին: Մարդիկ մտածելով, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող են աջ ղեկով մեքենաներ ներմուծեն Հայաստան, երկու ամիս առաջ սկսում են մեքենաներ առնել», - ասել է ցուցարարներից մեկը՝ նշելով, որ հիմա մոտ 130 մեքենա կանգնած է սահմանում, մոտ 2000-ն էլ՝ Վրաստանում, և մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի բերեն Հայաստան:

Ցույցի մասնակիցներից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում ասել է. «Թաքուն, մի քանի օրվա, ժամվա մեջ ընդունվել է օրենք, տեղյակ չեն եղել քաղաքացիները: Մաքսակետի պատին էլ կպցրած է եղել, որ կա մինչև հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց աջ ղեկով մեքենաներ բերում Հայաստան՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանել է.«Այս տարբերակն ավելի մատչելի ու հասանելի է բոլորին՝ թե՛ ընդհանուր վիճակով, թե՛ տարեթվով»:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունել էր մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԺ-ն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենք է ընդունել: ԱԺ-ի ընդունած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» օրենքով սահմանվել է դրույթ, որի համաձայն աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառման և ներմուծման արգելքը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---