2020-ին ՀՀ-ն պետք է մոտ $1,055 մլրդ-ի պետական պարտք մարի

2020-ին ՀՀ-ն պետք է մոտ $1,055 մլրդ-ի պետական պարտք մարի

PanARMENIAN.Net - 2020 թվականին Հայաստանը պետք է 506.9 մլրդ դրամի կամ մոտ $1,055 մլրդ-ի պետական պարտք մարի: Այս մասին PanARMENIAN.Net -ի հարցման ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նշվում է, որ մարման ենթակա պարտքի ծավալը արտաքին վարկերի գծով կազմում է 127.3 մլրդ դրամ, 121.1 մլրդ դրամը՝ պետական գանձապետական պարտատոմսերի գծով, և 258.5 մլրդ դրամը՝ պետական արտարժութային պարտատոմսերի գծով:

Ավելի վաղ Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, սակայն, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,9%-ը:

Անդրադառնալով կառավարության պարտքի հետ կապված ռիսկերը բնութագրող ցուցանիշներին՝ նախարարությունից նշեցին, որ գործադիրի կողմից հաստատված ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2019-2021 թվականների ռազմավարական ծրագրում, դիտարկվել է նաև 2020 թվականին մարվող արտարժութային պետական պարտատոմսերի վերաֆինանսավորման նպատակով կանխատեսվող ժամանակահատվածում նոր արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխում իրականացնելու տարբերակը:

«Միաժամանակ, միջնաժամկետ հատվածում, միջազգային ֆինանսական կառույցներից առավել նպաստավոր պայմաններով փոխառությունների ներգրավման հնարավորության առկայության կամ ներքին շուկայում բարենպաստ պայմանների առկայության դեպքերում, կառավարության կողմից կդիտարկվեն այդ աղբյուրներից յուրաքանչյուրի կամ դրանց համատեղման միջոցով 2020 թվականին մարվող արտարժութային պարտատոմսերը վերաֆինանսավորելու կամ փոխառությունների ներգրավմանը զուգահեռ արտարժութային պարտատոմսերը վաղաժամկետ հետգնելու նպատակահարմարությունը», - հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ քանի դեռ ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն պակասուրդային է, Հայաստանը լինելու է զուտ վարկառու երկիր:

Միևնույն ժամանակ, կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության պարտքի նվազեցման 2019-2023 թվականների ծրագիրը, որով նախատեսում է աստիճանաբար նվազեցնել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 2023 թվականի թիրախային 49.8% մակարդակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---