ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել

ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում փոփոխությունների երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել: Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր: ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է եղել:

Կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում, սակայն, լսելով պատգամավորների դժգոհությունը, առաջարկեց այն ընդունել 72 ժամվա ընթացքում: Այսինքն՝ և առաջին, և երկրորդ ընթերցումների համար տրվում է 72 ժամ, հայտնում է Panorama.am-ը։

Քվեարկությունից հետո լարվածություն սկսվեց նիստերի դահլիճում։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքը ստեղծված իրավիճակում:

Նշենք, որ խորհրդարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող ԸՕ ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն:

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենքի նախագիծը:

«Նախագծում մասնավորապես առաջարկվում է՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ցուցակներով, գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակների վերացում։ Խորհրդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն դարձնելով 4 հազար հինգ հարյուրապատիկ: Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը:։

Ըստ նախագծի, առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան, այս մասին նշված է հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության մեջ։

«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---