2018-ի վերջին գնաճը կանխատեսված 4%-ից ցածր կլինի

2018-ի վերջին գնաճը կանխատեսված 4%-ից ցածր կլինի

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ 2018-ի տարեվերջի համար կանխատեսված 4%-ի փոխարեն, տարին կամփոփվի 3,3-3,5%-ի, հնարավոր է՝ նաև 3% գնաճի շրջանակում, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ջավադյանը, անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը, նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 10.5%-ով կամ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ:

Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը:

Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ օրերս Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը:

Ընթերցեք նաև՝ «Թեթև արդյունաբերության ոլորտն 9 ամսում աճել է 30%-ով»:

2018-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, որը բարձր է 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրված՝ 5.8% ցուցանիշից, իսկ արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5% աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավական մոտ ցուցանիշ՝ 4% ծրագրված 5%-ի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6%՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1%՝ ծրագրված 8%-ի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---