ՌԴ ԱԳՆ․ Բոլթոնն անպարկեշտորեն ՀՀ ներքին գործերին է խառնվում

ՌԴ ԱԳՆ․ Բոլթոնն անպարկեշտորեն  ՀՀ ներքին գործերին է խառնվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարություններին:

«Օրերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակավ պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր): Նա նաև ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է Նիկոլ Փաշինյանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր: Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է գնի ռուսականի փոխարեն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բոլթոնը «հրաշալի միտք» է հնչեցրել, որ Հայաստանի համար «հիմնարար նշանակություն ունի լիովին ինքնիշխան լինելը, և ոչ թե կախվածություն ունենալը կամ ենթարկվելն արտաքին ազդեցությանը»:

«Լավ կլինի՝ Ջոն Բոլթոնը իսկապես խորհեր իր ասածների իմաստի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ:

Եվս մեկ անգամ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին:

«Թվում էր՝ ներքին գործերի ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ անպարկեշտություն հնարավոր չէ պատկերացնել, բայց պարզվեց, որ հնարավոր է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ-ին զենք վաճառելու հնարավորության մասին հայտարարությանը, ասել է, որ գործող իշխանությունները որևէ բանով սահմանափակված չեն։

«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, ապա կքննարկենք», - ասել է Փաշինյանը։

Հայաստանում այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», - ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---