Նախագահ. ՀՀ-ն փոքր երկիր է, բայց ունի զարգացած գիտհամակարգ, ինչը կազդի երկրի ապագայի վրա

Նախագահ. ՀՀ-ն փոքր երկիր է, բայց ունի զարգացած գիտհամակարգ, ինչը կազդի երկրի ապագայի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի զարգացած գիտական համակարգ, և դա արտացոլվելու է երկրի ապագայի վրա: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավարության և աշխատակիցների հետ հանդիպմանը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976-ին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։

«Մեր անկախ հանրապետություններից յուրաքանչյուրն այսօր գնում է իր ճանապարհով, բայց, կարծում եմ, մենք շատ ընդհանուր բաներ ունենք. դրանցից են գիտությունն ու կրթությունը։ Այդ իսկ պատճառով համագործակցությունն ակադեմիաների միջև մեծ նշանակություն ունի։ Ես ձեր ակադեմիայում ևս ապագա տեսա։ Գնահատելի է, որ ձեր սպեկտրը շատ լայն է ՝ սկսած ագրարայինից մինչև ամենաժամանակակից ոլորտները»,-նշել է նախագահը։

Նա հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Բելառուսի ակադեմիան սերտորեն կապված է արտադրության հետ, և արտադրության մեջ ներդրվող շատ գիտական հետազոտություններ դուրս են գալիս հենց ակադեմիայից։

Նախագահի խոսքով՝ գործակցելու շատ ուղղություններ կան․ թե՛ լազերային ու թվային տեխնոլոգիաների, թե՛ միջուկային էներգետիկայի, թե՛ սննադամթերքի արտադրության և հատկապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտներում։ «Ինքս տեսնում եմ մի շարք ուղղություններ, որոնցում մենք կարող ենք համագործակցել և նորից միասին աշխատել, արդեն՝ ուղիղ ձևով։ Այսօր ներդաշնակեցնելու ժամանակն է։ Այսինքն՝ ժամանակն է, որ մենք գտնենք ընդհանուր խնդիր, որը կարող ենք համատեղ ուժերով լուծել և գտնել այն տեղերը, որտեղ կարող ենք միմյանց փոխլրացնել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ իր կողմից կանի ամեն ինչ՝ երկու երկրների միջև գիտական ոլորտում գործակցությունը զարգացնելու համար։

Վլադիմիր Գուսակովն իր հերթին նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գիտությունների ակադեմիաները հատման շատ կետեր ունեն․ «Մենք միասին կաշխատենք, և կարող ենք շատ բան անել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար»։

Նախագահ Սարգսյանը եղել է նաև Բելառուսի ԳԱԱ Բ․ Ստեպանովի անվան ֆիզիկայի ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության ուղղություններին ու կատարված մշակումներին։

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաև համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։

Ընկերության ղեկավարությունը նախագահին ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Բելառուսի ազգային ակադեմիայի ղեկավար Վլադիմիր Գուսակովի ուղեկցությամբ նախագահը նաև այցելել է ակադեմիայում գործող «Հայրենական գիտության ձեռքբերումները՝ տնտեսությանը» խորագրով ցուցահանդես, ծանոթացել էներգետիկայի և էներգախնայողության, լազերային և նանոտեխնոլոգիաների, պաշտպանունակության և ազգային անվտանգության ու մի շարք այլ ոլորտներում իրականացված մշակումներին։ Նախագահը եղել է նաև ակադեմիայի պատմության թանգարանում, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---