Բաբլոյանը մտահոգությամբ կհեռանա ԱԺ-ից, մտածելով՝ արդյոք ավարտին են հասցվելու նախաձեռնությունները

Բաբլոյանը մտահոգությամբ կհեռանա ԱԺ-ից, մտածելով՝ արդյոք ավարտին են հասցվելու նախաձեռնությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ուղերձով խորհրդարանի արձակման կապակցությամբ՝ չթաքցնելով, որ ափսոսանքով ու մտահոգությամբ է հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: «Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա:

«Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ և ցանկացած խնդրում մինչև վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների:

Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: և, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից»,-ասվում է ուղերձում:

Բաբլոյանը նշել է, որ 2017-ի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ է եղել նաև Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը: Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: «Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն»,-ասել է նա:

«Ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետևյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ: Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:

Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը: Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը»,-ասել է Բաբլոյանը՝ ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանին մաղթելով օրինաստեղծ արդյունավետ աշխատանք և ամենակարևորը՝ պատասխանատվություն:

Խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---